Tuesday, December 3, 2013

Միջնադարյան ասացողներ, էպոսի պատմիչներ, տեղեկատվության հավաքագրում

Հայ ժողովուրդը իր գոյության ընթացքում ստեղծել է մի շարք դյուցազներգություններ, սակայն ամենահայտնին և հերոսականը կարելի է համարել <<Սասունցի Դավիթ>> էպոսը: 
Էպոսի գոյության  դասական ձևը կենդանի պատումն է: Սերնդից սերունդ այն ավանդվել է բանավոր, էպոսն իր բնույթով պահպանողական է և բացառում է կտրուկ փոփոխման: Ասացողները ավանդույթի կողմնակից էին, և էպոսի կառոուցվածքի առանձնահատկությունները ճշգրտորեն  պահպանում էին, չնայած նրան, որ որոշակի բաներ ժամանակի ընթացքում զարգացել են, փոփոխվել: Յուրաքանչյուր ժամանակահատվածում էլ ծնվել են տաղանդավոր մարդիկ՝ ասացողներ, որոնք, լսելով էպոսը իրենց նախնիներից, պատմում  էին և փոխանցում հաջորդ սերունդներին: Նրանք շատ սիրված էին ժողովրդի կողմից: Յուրաքանչյուր ասացող էլ մեծ հարգանքով  է հիշում իր վարպետին, քանի որ վերջինս ավելի ընդարձակ գիտեր էպոսը: Ասացողը մանկության տարիներին ավագներից սովորում էր տվյալ պատումը, սակայն այն վերամշակել երբևէ չէին մտածում և վերարտադրում էին բառ առ բառ:
<<Սասունցի Դավիթ>>  էպոսում ասացողը կարողանում էր որոշակիորեն սեփական վերաբերմունքով վերարտադրել էպոսը: Դարերի ընթացքում էպոսում տեղի են ունեցել զարգացումներ և փոփոխություններ:
Բանասացները տարբեր կերպ են անվանել էպոսը՝ ընդգծելով էպոսի միասնությունն ու ամբողջականությունը: Էպոսը կոչվում է <<Սասնա ծռեր>>, <<Ջոջանց տուն>>, <<Քաջանց տուն>>: Բանասացները հաճախ պատմել են էպոսի միայն մեկ կամ երկու հատվածներ: Պատմվող հատվածը կոչվել է այն հերոսի անունով, որի մասին էլ հենց էպոսի տվյալ ճյուղն է: Էպոս ասացողները հիմնականում եղել են ավագ սերնդի ներկայացուցիչներ և պատմել են հայկական տարբեր բարբառներով, հիմնականում Մոկաց, Մշո,Սասնա:
Երկար ժամանակ է, ինչ գրի են առնում <<Սասունցի Դավիթ>> էպոսի տարբերակները:
<<Սասնա ծռեր>> վիպերգը բանասացների միջոցով, մի շարք տարբերակներով անցել է սերնդեսերունդ և հասել մեզ:
Այսօր կա էպոսի շուրջ 160 պատում: Դրանք գրառված են 19-20-րդ դարերում: Ենթադրվում է, որ նախնական տիպը Սասնա խումբն է եղել, որից հետո տարածվել է նաև Մոկացը, Մշոն և Արարատյան բարբառը: 1939թ.-ին էպոսի ստեղծման 1000-ամյակի առթիվ 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական բնագիր (հեղինակներ՝ Մ.Աբեղյան, Գ. Աբով, Ա. Ղանազանյան): Էպոսը թարգմանվել է ռուսերեն, վրացերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, լեհերեն և այլ լեզուներով: Էպոսը ունեցել է նաև բազմաթիվ գրական մշակումներ, որոնցից լավագույնը Հ. Թումանյանի <<Սասունցի Դավիթ>> (1903թ.) անավարտ պոեմն է: Պետք է նշել նաև Ավ.Իսահակյանի, Ե. Չարենցի, Ն. Զարյանի մշակումները, ովքեր էպոսին անդրադարձել են ամբողջական կամ մասնակի: Էպոսին անդրադարձել են կերպարվեստում (Հակոբ Կոջոյան, Երվանդ Քոչար), երաժշտության մեջ, կինոարվեստում, թատրոնում:
 <<Սասունցի Դավիթ>> էպոսը արմատներով ձգվում է մինչև նախնադար, այն ձևավորվել է 9-10-րդ դարերում արաբական խալիֆայության դեմ պայքարի ազդեցության տակ, սակայն այդ դարերի ականատես պատմիչներից ոչ ոք էպոսի մասին ոչինչ չի հաղորդում (Ղևոնդ պատմագիր, Թովմա Արծրունի, Հովհաննես Դրասխանակերտցի):
Դավթի մասին մեր ունեցած գրավոր ամենահին վկայությունը 16-րդ դարն է, երբ երկու պորտուգալացի ճանապարհորդներ 1524թ.-ին Տենեյրոն և 1565թ.-ին Աֆոնսոն լսել են Դավթի մասին զրույցը և հրատարակել: Նրանց տված տեղեկությունները աղոտ են, հատվածային, բայց միևնույն ժամանակ արժեքավոր, քանի որ դրանից ենք իմանում, որ 16-րդ դարում էպոսը պատմվել է Սասունում, Մուշում, Բիթլիսում:
Որոշակի տեղեկություւներ է տվել նաև հայ նշանավոր աշխարհագրագետ Ղ. Ինճիճյանը (19-րդ դար), որից արժեքավոր փաստն էլ այն է, որ 19-րդ դարում էպոսի գոյություն ունենալու վկայությունն է :
19-րդ դարի 60-70 ական թ.-ին Գ. Սրվանձտյանը 3 տարի շարունակ փնտրում է էպոսը, գրի է առնում հատվածներ և դրվագներ: 1873թ.-ին գտնում է Մշո դաշտի Առնիստ գյուղի բնակիչ Կրպոյին և նրանից էլ գրի է առնում մեր էպոսի առաջին պատումը: 1874թ.-ին հրատարակում է <<Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ >>գրքույկը: Այն գեղարվեստական-վիպական հոյակապ ստեղծագործություն էր, որը շատ արժեքավոր էր և առանց գրական մշակման:
 Էպոսի հիմնական մասերն են՝  Աբամելիք, Դավիթ և Մհեր: Ասացողների տեղեկությունում նշվում է, որ կա մոտ 40 ճյուղ, սակայն հետագայում ոչ մի պատումի մեջ էլ չգտնվեց 40 ճյուղ: Ինչպես բոլոր պատումներում, այնպես էլ Սրվանձտյանի պատումում գլխավոր կերպարը Դավիթն է: Ամբողջ ազգը խտացած առանձին կենդանի անձի կերպարանք է ստանում:
Հետագա տարիներին ամբողջական պատումներ այլևս չեղան մինչև 1886թ.-ը:
Էջմիածնի ճեմարանի ուսուցիչ, էպոսագետ Մ. Աբեղյանը Էջմիածնում Մոկաց Գինեկաց գյուղացի Նահապետից գրի է առնում էպոսի 2-րդ պատումը և 1889թ.ին հրատարակում Դավիթ և Մհեր վերնագրով դյուցազնական վեպը:
1892թ.-ին միջնադարյան մանրանկրաչության մեծ տաղանդ Գարեգին Հովսեփյանը հրատարակում է էպոսի 2 պատում ևս, որոնք Մոկաց և Ապարանի բարբառներով են:
5-րդ պատումը 1895թ.-ին Խաչիկ Դադյանի գրառմամ <<Արարատ>> ամսագրում է հրատարակվում: (<<Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթ>>վերնագրով): Ասացողը եղել է վանեցի Դավիթը, որը լսել էր իր նախնիներից և ընդգրկում էր 2 ճյուղ՝ Մեծ Մհերի և Դավթի մասին:
1898թ.-ին Սարգիս Հայկունին <<Արարատ>> ամսագրում հրատարակում է <<Սասնա Դավիթ >> վերնագրով պատումը:
1899թ.-ին Բագրատ Խալաթյանցի կողմից հրատարակվում է գրքույկ <<Սասմա Փահլևաններ կամ Թըլոր Դավիթ և Մհեր>> վերնագրով: Ասացողը եղել էր զատիկը, որը Նախո քեռու  ուսուցիչն էր: Առաջին անգամ հենց այս պատումում է կատարվել տողերի համարակալում, որն էլ հետո կիրառվել է պատումների գիտական հրատարակության ժամանակ:
1900թ.-ին <<Ազգագրական հանդեսի>> Զ գրքում 8-րդ պատումն է լույս տեսնում: 1901թ.-ին <<Էմինյան Ազգագրական ժողովածույի Բ հատորում 9րդ և 10-րդ պատումները>>, 1902թ.-ին՝ 11, 12, 13, 14 պատումները և շարունակվում մինչև 1936թ.-ը: Այդ ընթացում հավաքվում է շուրջ 50 պատում, որոնք հետագայում Մ. Աբեղյանի խմբագրությամբ և Կ. Մելիք Օհանջանյանի աշխատակցությամբ վերահրատարակվում է <<Սասնա Ծռեր>> խորագրով էպոսը:
Միջնադարից սկսած բանահավաքչական շարժումը մեծ առաջընթաց էր և մեր ունեցածը արդեն իսկ անգնահատելի գանձ է: Էպոսը կոլեկտիվ ստեղծագործություն է: Անհատը ընդամենը փոխանցող է: Էպոսի ասացողները կրողներ էին կոլեկտիվ հայացքի և վերաբերմունքի: Ասացողների համար էպոսը իրականություն էր, սրբագործված իրականություն, նախահայրերի պատմություն:

<<Հայկական էպոսը հայ ցեղի ապրած կյանքի ու հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանն է ու իր մեծության անհերքելի վկայությունն աշխարհի առջև>>:
Հովհաննես Թումանյան


Աղբյուրը՝





 Ազատ Եղիազարյան <<Սասնա ծռեր>>
Էպոսի Պոետիկա

No comments:

Post a Comment

Total Pageviews