Sunday, May 11, 2014

«Ես» պատում

Դպրոցական տարիներ… Հինանալի ու անմոռաց ժամանակ… Դպրոցում քեզ զգում ես երեխա` անհոգ ու զվարթ: Հաստատ յուրաքանչյուրն էլ կարող է փաստել, դպրոցական տարիները հիանալի ժամանակ է, ինքնաճանաչման ու ինքնահաստատման ամենալավ ընթացքը: 
Դեռևս միջին դպրոցից սովորում եմ այս կրթահամալիրում: Առաջին իսկ օրից շատ սիրեցի դպրոցս՝ չնայած ինձ ոչ սովորական թվացող մի քանի բաների: Բայց ժամանակի ընթացքում հարմարվեցի և սիրեցի այդ ամենը: 
Արդեն 3 տարի է՝ ավագ դպրոցում եմ: Այս տարիները անցան, բայց մնացել են շատ հիշողություններ` լի խենթություններով ու չարաճճիություններով:
Նոր կյանքի շեմին կանգնած՝ մտածում եմ` ինչքան լավ հուշեր մնացին դպրոցիս պատերի ներսում:
Կկարոտեմ հարազատ դարձած ընկերներիս : Հուշ դարձած օրերս էլ հետ չեմ բերի: Ցավում եմ, որ էլ չեմ բացելու դասարանի դուռը, ուշացած չեմ բարևելու ընկերներիս, ուսուցչիս. Էլ չեմ նստելու դպրոցական նստարանին, էլ աշակերտ չեմ լինելու, բայց միշտ հիշելու եմ իմ սիրելի ուսուցիչներին, ովքեր դպրոցական դասի հետ միասին կյանքի դասեր էլ են տվել:
Դպրոցական յուրահատուկ ծրագիրը շատ հագեցած է. առավոտյան ընդհանուր պարապմունք, մեդիաուրբաթներ, բազմաժանր միջոցառումներ, որոնք անբաժան են դարձել մեր առօրյայում:
Միայն մեր կրթահամալիրում կարող ես ունենալ այսքան հագեցած օր: Ճամփորդությունները, որը լայն հնարավորություն տվեց մեզ ճանաչելու Հայաստանը: Յուրաքանչյուր տեղանքի մասին պատմություններն ու տեղեկությունները ավելի լիարժեք, անմոռանալի ու հետաքրքիր են դարձրել մեր ճամփորդությունները:
Ես և իմ տարեկիցները մտնում ենք կյանքի այս փուլը, ոտք ենք դնում երիտասարդության հաճելի, բայց միևնույն ժամանակ դժվար փուլին: Ես անչափ շնորհակալ եմ իմ տնօրենից, ուսուցիչներից, ընկերներից, որ ես էլ եղել եմ այս դպրոցի մի մասնիկը:
Ինչպես կարող եմ չկարոտել մարմարյա սրահը, որը միշտ լի է ժպիտով ու կենսուրախ մարդկանոցով, հագեցած միջոցառումներով, երաժշտությամբ, պարերով: Կկարոտեմ այն ամենը, ինչ կապված է դպրոցիս հետ:
Դպրոցիս մասին գրում եմ և հասկանում, որ շատ ասելիք ունեմ, բայց ամբողջը գրել չեմ կարող, քանի որ այն իմ ներսում է և հոգում:
Իսկ ովքեր դեռևս մնում են կրթահամալիրում, թող վայելեն այս հրաշք տարիները, քանի որ յուրաքանչյուր օրից հիշելու բան կունենան: Այս միջավայրը պետք է վայելել, շատ մեծ հնարավորություն է տված սովորողի համար, մնում է օգտվել այդ ամենից:
 

No comments:

Post a Comment

Total Pageviews