Friday, May 17, 2013

Պատանեկության տարիքի ընդհանուր բնութագիրը: Ռեֆերատ

Ներածություն
Պատանեկության տարիքը ընդգրկում է 15-21 տարեկանը: Սովորաբար առանձնացնում են պատանեկության 2 փուլ՝ վաղ պատանեկություն(15-17)և պատանեկություն(18-21): 
Պատանեկությունը իր մեջ է կենտրոնացնում անցած տարիքների նորագոյացությունները, և դրանք արտահայտվում են պատանիների մոտ նոր որակներով: Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունենում սեփական անկրկնելիության, անհատականության, յուրօրինակության  գիտակցում: Մենակության զգացում առաջացնող ներքին լարվածությունը մեծացնում է հասակակիցների հետ շփման պահանջմունքը և միաժամանակ բարձրացնում է ընտրողականությունը: Այդիսկ պատճառով էլ պատանեկության տարիքում մեծ նշանակություն է ձեռք բերում սերն ու ընկերությունը:Սա տարիք է ուրիշ մարդկանց հետ մոտիկ, բաց հարաբերություններ հաստատման համար:
Այդ շրջանում սերն ու ընկերությունը թույլ են տալիս պատանիներին և աղջիկներին արտահայտել իրենց մոտ կուտակված զգացումները , ստանալ աջակցություն, որոնք անհրաժեշտ են նրանց ինքնահաստատման  համար:
Պատանիների այժմյան խնդիրը կայանում է նրանում, որ այդ տարիքային շրջանում է սրանում անձի կայացման և զարգացման պրոբլեմը: Այս թեման միշտ արդիական կլինի, քանի որ յուրաքանչյուր մարդ անցնում է այդ կենսական փուլերի միջով և հանդիպում է այդ տարիքին բնորոշ շատ խոչընդոտների: 
 Սոցալիզացիան պատանեկան տարիքում
Համարվում է անցումային տարիք զարգացման  համար, բացահայտվում է սեփական <<ես>>-ը, նա նշանակալիորեն տարբերվում է ինչպես մանկիկից, այնպես էլ մեծահասակից, ինչպես նաև սահման կա այդ հարաբերություններում պատանիների և դեռահասների միջև: Չնայած պատանիների խնդիրները նույնն են, նրանք տարբեր  ձև են  մեծանում , գործում է <<հասունացման և զարգացման անհամաչափության >> օրենքը: Այդ անհամաչափությունն էլ կարող է լինել ինչպես միջանձնային( տարեկիցների միջև), այնպես էլ ներանձնային ( մտավոր, ֆիզիկական, սեռական զարգացման յուրահատկությամբ):
Ի. Կոնը գրում է, որ կախված անհատական առանձնահատկություններից, գոյություն ունի պատանեկության տարիքի զարգացման 3 տիպ.
1. Պատանեկության շրջանը կապված է հուզական, էմոցիոնալ դժվարությունների, հոգեբանական ճգնաժամերի, շրջապատողների հետ կոնֆլիկտի և ինքն իր հետ:
2.Այստեղ պատանեկությունը սահուն է անցնում, աստիճանաբար, նրանց հատուկ չեն ռոմանտիկ պոռթկումները, նրանք բավականին հեշտ են ներգրավվում չափահաս կյանքին, բայց դա անում են շատ պասիվ ձևով:
3.Այս տիպին հատուկ են թռիչքաձև փոփոխությունները, որոնք չեն առաջացնում հուզական պոռթկում: Պատանիները իրենց կենսական նպատակների հետ կապված՝ վաղ են կողմնորոշվում , տիրապետում են ինքնակարգապահությանը, բարձունքների ձգտմանը, ինքնավերահսկմանը, բայց նրանք քիչ  հուզական են:
Միևնույն ժամանակ գոյություն ունեն անձի ձևավորման էական սեռային տարբերություններ:  Պատանիների համար կարևոր են նրանց մասնագիտական կողմնորոշումը, որն էլ հանդիսանում է հասունության ցուցանիշ: Նրանք հակված են իրենց կարծելու ավելի քիչ շփվող, կենսախինդ, քան իրենց  հասակակիցները, իրենց են վերագրում բարությունը և մյուս մարդկանց հասկանալու կարողությունը:                     
 Աղջիկները իրենց կարծիքով ավելի անկեղծ, հավատարիմ և ճշմարիտ են: Նրանք իրենց հասունացման գիտակցման համար ավելի քիչ են  կարևորություն տալիս մասնագիտական կողմնորոշմանը, քանի որ նրանց համար կարևոր է ընտանիքը, միջանձնային  հարաբերությունները: Աղջկա համար հասունացման ցուցանիշ կարող է հանդիսանալ ամուսնանալու ցանկությունը:
Հենց սեռային հասունացումը բավականին էական է երևում և՛ հետաքրքրությունների  ուղղվածությամբ, և՛հուզական որոշումների  յուրահատկությամբ, և՛ շփման կառուցվածքով, և՛ ինքնագնահատականների չափանիշներով, և՛հոգեբանական –սեռային զարգացմամբ , և՛ նույնիսկ մասնագիտական աշխատանքային և ամուսնական, ընտանեկան ինքնորոշման էտապների բնութագրերով:
Սեփական  <<ես>>-ի  գնահատականը ձեռք է բերում  այլ ձևեր` համապատասխանեցնելով  շրջապատող մարդկանց գնահատականին:
Արդեն վաղ պատանեկության տարիքում սեփական  արժեքների համակարգի մշակման  հիմքում ձևավորվում է  հուզական  արժեքային հարաբերությունները իր նկատմամբ, այսինքն ինքնագնահատականը սկսում է հիմնվել սեփական վարքի, սեփական հայացքների  և համոզմունքների,  գործունության արդյունքի մեջ: 15-16 տարեկանների համար արդի խնդիր է հատկապես իրական <<ես>>-ի անհամատեղելիությունը իդեալական << ես>>-ին: Կոնը գտնում էր, որ դա նորմալ երևույթ է, բնական զարգացման արդյունք: Դրանց հակասությունը կապված է ոչ միայն տարիքի, այլ նաև ինտելեկտի հետ: Այն պատանիները, ովքեր ինտելեկտուալ  զարգացած են, տարբերակում են այն որակները, որոնք իրենք ունեն  ու որոնք կցանկանային ձեռք բերել, քան նրանք ովքեր քիչ ինտելեկտով են:
Իր եզակիության, յուրօրինակության չափազանցումը մյուսներից հաճախ ծնում է ամաչկոտություն, ծիծաղելի երևալու վախ:
Պատանեկության տարիքում կարևոր թեմաներից է նաև մահը: Յուրաքանչյուրի համար  այն հնչում է տարբեր կերպ՝ մեկի համար մահը մանկական վախերի վերածնունդն է, մյուսի համար ինտելկտուալ խնդիր՝ կապված անդառնալի ժամանակի հետ, երրորդի համար ՝ ամեն ինչի խորտակում, որը ստեղծվել է ողջ կյանքի ընթացքում:
Երազելով՝ պատանիները ձգտում են հասնել իրական արդյունքների, սեփական ցանկությունների անմիջական բավարարման: Այդ ցանկությունների բավարարումը, աշխատանքը ապագայի համար. Հենց դրանք են բարոյահոգեբանական հասունության գլխավոր ցուցանիշներից մեկը:
Պատանու ուսումնական գործունեությունը
Ավագ դպրոցական  տարիքում ուսումնական գործունեության մեջ տեղի է ունենում որոշակի փոփոխություններ: Այստեղ խորանում է և′ ուսուցման բովանդակությունը, և′  նոր ուսումնական բաժինների ավելացումը: Այս տարիքում ուսումնական գործունեությունը արդյունավետ յուրացնելու համար անհրաժեշտ է զարգացնել պատանու տեսական մտածողությունը, իսկ դժվարությունները, որ կրում է պատանին հիմնականում կապված է նոր պայմաններում սովորելու անկարողության հետ: Բարձր դասարաններում ուսուցման դժվարությունները կապված են մտապահման փաստերի ինքնուրույն վերլուծման վրա: Որոշ բարձր դասարանցիների մոտ առաջանում է անկարողություն այն պատճառով, որ ընդհանրացնող հասկացությունները, եզրակացությունները չեն ձևավորվում երևույթները և փաստերը հասկանալու միջոցով, այլ ուղղակիորեն սերտվում են: Ավագ դպրոցականների վերաբերմունքը ուսման նկատմամբ ենթարկվում է որոշակի փոփոխության` աշկերտները մեծանում են, հարստանում է նրանց փորձը, նրանք գիտակցում են, որ այժմ կանգնած են ինքնուրույն կյանքի շեմին, աճում է նրանց գիտակցական վերաբերմունքը ուսման նկատմամբ: Այդ տարիքում գոյություն ունի ընտրողական վերաբերմունք ուսումնական առարկայի նկատմամբ, սակայն դա պայմանավորված է ոչ միայն անձնային որակներով, այլ նաև կյանքի նպատակի գործոններով և մասնագիտական ընտրությամբ: Առարկայի նկատմամբ ընտրողական վերաբերմունքը կապված է նաև աշակերտի հետաքրքրությունների հետ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավագ դպրոցականի վերաբերմունքը ուսման նկատմամբ կախված է այն բանից, թե ուսուցիչը որքանով լավ գիտի դպրոցականի անհատական առանձնահատկությունները:  Այժմ կա այն կարծիքը, որ նվազել է հետաքրքությունը ուսման նկատմամբ, սակայն չպետք է չափազանցեցնել այդ երևույթը, քանի որ դրա պատճառները բազմազան են և բազմաբնույթ:
 Պատանիների իմացական գործընթացները
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատանեկության տարիքում աշակերտների իմացական գործընթացների բարելավումը արդյունավետ է դառնում, երբ այն իրագործվում է խմբակային տեսքով: Իսկ խմբակային գործունեության արդյունավետություը մեծանում է, երբ այն ղեկավարում է փորձառու և գիտակ ուսուցիչները (օլիմպիադաներ, էքսկուրսիաներ, մրցույթները), որոնք իրենց հերթին հնարավորություն են ստեղծում զարգացնելու աշակերտի ընդունակությունները: 15-17 տարեկանում կարող է վառ ձևով դրսևորվել նրանց տանղանդը այս կամ այն բնագավառում: Պատանեկան տարիքի վերջում դպրոցականները տիրապետում են ճանաչողական պրոցեսներին (ընկալում, հիշողություն, երևակայություն, մտածողություն, ինչպես նաև ուշադրություն):
 Հիշողության զարգացման մեջ մեծանում է վերացական, տրամաբանական, իմաստային մտապահման դերը: Կրկնողության վրա հիմնված բառացի սերտումը այս տարիքում տարածված չէ: Այս տարիքում աշակերտները սերտում են միայն որոշակի սահմանումներ օրենքներ: Ավագ դպրոցականները ունեն մտապահման տարբերակված դիրքորոշում, այսինքն նրանք հասկանում են թե ինչը պետք է մտապահել, ինչը պետք է վերարտադրվի իրենց բառերով:
 Ինչ նշեցինք հիշողության մասին, վերաբերվում է նաև ուշադրությանը: Պատանեկության տարիքում ուշադրությունը կարող է լինել մշտական, կայուն, կենսական հետաքրքրությունների առկայության դեպքում:
 Մեծ զարգացում է ապրում նաև ուշադրության ընտրողականությունը, այսինքն ըմբռնելով ուսումնական նյութը, աշակերտը միշտ աշխատում է արժեքավորել դրանք և ընկալել դրանք գործնական նշանակելիության տեսանկյունի
ց: Աշակետը, եթե գտնում է, որ նյութը կարևոր է, սկսում է ակտիվորեն յուրացնել այն , իսկ որը նյութը էական նշանակություն չունի իր համար, ապա ուշադրությունը թուլանում է: Այդպիսի տատանումները տեղի են ունենում ոչ կանխամտածված: Ավագ դպրոցականի ուշադրությունը անկախ իրենից կենտրոնանում է օբյեկտի վրա այն ժամանակ, երբ խոսք է գնում այդ բնագավառից որոշակի գիտելիքներ գործնականում օգտագործելու մասին:
 Այդ տարիքում նաև զարգանում է մտածողությունը: Մեծ նշանակություն են ձեռք բերում գործնական աշխատանքների ինքնուրույն կատարելը, ռեֆերատներ գրելը: Աշակերտը ստիպված է ինքնուրույն ըմբռնել ուսումնական նյութը, որն էլ օգնում է, որպեսզի մտածողությունը ստանա ավելի ակտիվ ինքնուրույն, ստեղծագործական բնույթ: Մտածողության զարգացման հետ միասին զարգանում է նաև ավագ դպրոցականի խոսքի կուլտուրան, ձևավորվում է իր մտքերը արտահայտելու կարողությունը, հարստանում է բառապաշարը: Ավագ դպրոցականը պետք է տիրապետի ինքնուրույն մտածելու կարողությանը, մտավոր աշխատանքին, այսինքն ինքնաուսուցման կարողությանը: Աշակերտի մտածողության ընդհանուր զարգացվածությունը հիմք է հանդիսանում նրանց մոտ աշխարհայացքի ձևավորմանը: 
 Ինչպես մյուս իմացական գործընթացները, այնպես էլ երևակայությունը ազդում է երեխայի վրա: Պատանեկության տարիքում բնորոշ է առավելապես պոեզիայի բնագավառում ուժերի փորձումը: Պատանիների և աղջիկների բանաստեղծություններում գովերգվում է ընկեևասիրություն, բարեկամությունը, առաջին սիրո զգացմունքը: Պատանու մոտ երևակայության իրական կողմի զարգացումը պայմանավորված է նրանով, որ նա արդեն կանգնած է ինքնուրույն կյանքի շեմին: Նրա ստեղծագործական գործունեությունը անձնավորության մտավոր, հուզական և կամային զարգացման վառ ցուցանիշ է: Ավագ դպրոցականների վերարտադրական և ստեղծագործական երևակայության ձևավորումը կախված է նաև ճիշտ կազմակերպված ուսուցումից: Ուստի շատ կարևոր է, որ ուսուցիչը աշակերտին ցույց տա ստեղծագործական գործունեության ճանապարհը, որից դուրս անհնարին է երևակայության զարգացումը:

Պատանիների կյանքի գլխավոր բաղկացուցիչները

1.     Մասնագիտության ընտրության հարցը
Մասնագիտական կողմնորոշումը անհատի ընտրողական վերաբերմունքն է մասնագիտական աշխատանքին ամբողջապես, և ընտրած մասնագիտությանը մասնավորապես: Մասնագիտական կողմորոշման նախապայման է հանդիսանում համարժեք (ադեկվատ ) ինքնագնահատականը, հուզական հասունացումը, ձևավորված ինտելեկտուալ կարողությունը:
Հոգեբանության մեջ մասնագիտական կողմնորոշումը բաժանվում է որոշակի էտապների.
1.      Մանկական խաղեր-որի ժամանակ երեխան իր համար ընտրում է ցանկացած մասնագիտության  ինչ-որ դերակատարում  և         
      << խաղում է>> այն համապատասխան վարքով:
2.      Դեռահասության ֆանտազիա-որի ժամանակ դեռահասը տեսնում է իրեն դուր եկած մասնագիտության ներկայացուցիչ:
3.      Պատանեկության տարիք-մասնագիտության նախնական ընտրություն : Գործունեության տարբեր տեսակները տեսակավորվում և գնահատվում են սկզբում պատանիների տեսանկյունից, հետո ունակությունների և վերջապես իր արժեքային համակարգի տեսանկյունից: Պատանին ավելի շատ զբաղվում է այն առարկայով, որը իրեն հետաքրքրում է, զարգացնում է իր ունակությունները հենց այդ ուղղությամբ, որի հաջող ընթացքն էլ ապահովում է նրա գործունեության հաջող իրականացումը:
4.      Որոշումների ընդունում- սա ամիջականորեն կապված է մասնագիտության ընտրության հետ:
Այն պատանիները, ովքեր ստանում են լրիվ (միջնակարգ) կրթություն, նրանք հոգեբանորեն ավելի լավ են պատրաստվում հետագայի համար: Նրանք հասկանում են, որ իրենց հետագա հաջողությունը կախված է մասնագիտության ճիշտ ընտրության հետ:
Այսպիսով, պատանիները ու աղջիկները անցնում են ապագա մասնագիտության գիտակցված կամ անգիտակից ընտրությանը, որի ժամանակ աղջիկները հիմնականում ընտրում են ստեղծագործական մասնագիտություններ, իսկ պատանիները` տեխնիկական: Հաջողության հիմքերը կայանում են դեռևս դպրոցում, երբ պատանին հետաքրքրվում է ինչ-որ առարկայով: Այդ իսկ պատճառով իսկզբանե պետք է դրվի ճիշտ ընտրությունը:

2.    Ընկերությունը որպես պատանեկության սոցալիզացիայի տարր:
Ընկերությունը մարդկանց միջև անձնական հարաբերություններն են` հիմնված հոգևոր մերձեցման, ընդհանուր հետաքրքրությունների ամբողջության հետ: Հենց այս տարիքում էլ առաջանում է պատրաստակամությունը սահմանելու հատուկ հարաբերությունները մյուսների հետ, որն էլ կոչվում է ընկերություն:
 Անցումը դեռահասությունից պատանեկություն ընտրողականության, կայունության և մոտիկ ընկերության աստիճանը մեծանում է: Եթե մանկության տարիներին առանց ամիջական շփման ընկերությունը քայքայվում է, ապա պատանեկության տարիներին այն կարող է պահպանվել նույնիսկ հեռավորության վրա: Պատանեկան ընկերությունն իր էության բազմաֆունկցիոնալ է, դրանով էլ առաջին հերթին բացատրվում է նրա ձևերի բազմազանությունը` հասարակ իրար հետ ժամանակ անցկացնելուց մինչև խորը խոստովանություն և ինքնաբացահայտում:
Ի տարբերություն խմբակային հարաբերությունների, որոնց հիմքում ընկած է ինչ-որ համատեղ գործունեություն, ընկերությունը առաջին հերթին հանդիսանում է հուզական կապվածության արդյունք: Շատ հետաքրքիր է, որ պատանիներն ու աղջիկները 15-17 տարեկաններում ձգտում են դեպի մեծերը` նրանց մեջ տեսնելով իսկական ընկերների: Ավելի մեծի հետ ընկերությունը նրանց համար շատ թանկ է և ցանկալի: Նրանց հատուկ է իդեալականացնել իրենց մեծ ընկերոջը, բայց տարեկից ընկերոջ պահանջմունքը ավելի բարձր է: Նրանք հիմնականում ընտրում են իրենց սեռի հասակակից ընկերներ:
Պատանեկան ընկերությունը ենթադրում է ընկերների որոշակի նմանություն (սեռ, սոցիալական դիրք, բնավորության գիծ):
Պատանեկության տարիքում հոգեբանական մոտիկությունը ընկերների միջև հասնում է մաքսիմումի: Ընկերոջից սպասում են այնպիսի գնահատականի, որը գերազանցում է իրենց սեփականը:
Ընկերության համար կարևոր գործոն է հանդիսանում խառնվածքը: Իմպուլսիվ և հուզական մարդիկ ավելի հեշտ են բացվում մյուսի հետ, որն էլ առաջացնում է համապատասխան հուզական ռակցիա, որն էլ օգնում է ընկերական շփման կայացմանը:
Կան պատանիներ ում մոտ հոգեբանական մերձեցման պահանջմունքը քիչ է զարգացած:  Իհարկե դա ոչ միայն էգոիստություն է կամ հուզական աղքատություն, այլ կարող է կապված լինել տվյալ մարդու առարկայական գործունեության հետ, և վերջինս քիչ ժամանակ է հատկացնում սեփական ապրումների և շրջապատող մարդկանց վրա: Յուրաքանչյուրն էլ կարիք ունի մոտիկ մարդու, որը կքայլի նրա հետ իր կյանքով:
3.   Սերը որպես պատանեկան սոցիալիզացիայի տարր
Սիրո պահանջմունքը նույնպես մեծ է պատանեկության տարիքում: Սիրո մասին պատանեկան երազանքները արտահայտվում են հուզական շփման, հոգևոր մերձեցման անհրաժեշտության առկայության դեպքում:
 Զ. Ֆրեյդը նշում է, որ տղաները այդ ժամանաշրջանում գտնվում են սեռական բուռն հասունացման շրջանում, որը գերազանցում է հաղորդակցման ունակությունների զարգացմանը: Այդ տարիքի աղջիկները այլ խնդիր ունեն. նրանք ստիպված են թաքցնել իրենց հետաքրքությունները` պահպանելով սեփական արժանապատվությունն ու հեղինակությունը: Այդպիսի ներանձնային հակասությունների լուծումը բերում է նրան, թե ինչպես կդասավորվի պատանիների և աղջիկների միջանձնային հարաբերությունները ավելի լայն ընկերական շրջանում: Տղաների և աղջիկների միջև մնում է որոշակի հոգեբանական պատնեշ, որի հաղթահարումը այնքանել հեշտ չէ: Սկզբնական շրջանում հոգեբանական մերձեցումը  լինում է իր սեռի անձի հետ, որի հետ կապված են ընդհանուր նոր ծանոթները կամ ընդհանուր ապրումները: Ընդհանուր առմամբ աղջիկները իրենց ավելի վստահ և ազատ են զգում տղաների հետ հաղորդակցվելիս: Դա կապված է ոչ այնքան հասունացման տեմպերի տարբերության հետ, այլ նաև պատանիները ավելի զգաստ են, սահմանափակում են սերն ու ընկերությունը:
 Սերը ավելի շատ մտերմություն է ենթադրում, քան ընկերությունը, սակայն միևնույն ժամանակ իր մեջ ներառում է ընկերություն: 16-18 տարեկան պատանին կարող է բավարարվել իր սեռին համապատասխան ընկերների հետ շփվելով, իսկ ավելի մեծ տարիքում աղջկա հետ մոտիկությունը արդեն չի կոմպենսացվում միասեռ ընկերությունով, ավելին եթե նա հետ է մնում իր հասակակից մյուս տղաներից, ապա պատանին դառնում է իր մեջ ներփակվող:
 Հոգեբանական սեքսուալ դժվարություննեորում պատանեկան միայնության գլխավոր պատճառներից են:
Պատանեկության տարիքի ճգնաժամերը
Ըստ Շիհիի պատանեկության տարիքի խնդիրներն են` գտնել սեփական տեղն ու դերը կյանքում, և հասակակիցների միջավայրում, սեռադերային կողմնորոշումը, աշխարհայացքի և արժեքների ձևավորումը:
 Է.Էրիքսոնն այս շրջանը բնութագրում է որպես մերձավորության կամ մեկուսացման ճգնաժամ:
 Բ.Լիվեհուդը պատանեկան ճգնաժամը վերագրում է 16, 17-21,24 տարքային շրջաններին, որոնց ընթացքում տեղի է ունենում անձնավորության արթնացում: Այս տարիքում հրատապ են այնպիսի հարցեր, ինչպիսիք են` <<Ո՞րն է իմ տեղը կյանքում>>, <<Իրականում ինչպիսի՞ն է աշխարհը>>: Այսինքն աշխարհայացքային փոփոխություններ են տեղի ունենում:
 Մյուս հիմանական խնդիրը կենսաբանական և հոգևոր սեռականությունների միջև ներդաշնակության ստեղծումը:
 Պատանեկան ճգնաժամի աշտանշանները ներկայացված են հիմնականում ըստ Գոուլդի, Լևինսոնի, Վելյանտի, Շիհիի հետազոտությունների արդյունքների:  Ըստ այդմ` պատանեկան ճգնաժամին բնորոշ են աշխարհայացքի, արժեքների, անօգնականության զգացողությունը, ոչ ադեկվատ վարք դրսևորելու տագնապները, զանազան փիլիսոփայական հարցերի պատասխանների որոնումները, իդեալների հաճախակի փոփոխությունը , կյանքի անիմաստության զգացողությունը, թշնամանքը ընտանիքի անդամների նկատմամբ, նմանակման օբյեկտների փնտրտուքը:
Պատանեկան տարիքում ինքնագիտակցության զարգացումը
Պատանեկության տարիքը հոգեբանական պրոբլեմների նկատմամբ շատ զգայուն է: Որքան մեծ է պատանին (ոչ թե տարիքով, այլ մտավոր զարգացման մակարդակով), այնքան շատ է նրան անհանգստացնում իր շուրջը կատարվող իրադարձությունների ներքին կողմը և ավելի քիչ նշանակություն է ունենում արտաքին կողմը: Պատանին ներգրավվում է հասուն կյանքի մեջ ոչ միայն իր գիտակցությամբ և պատկերացումներով, այլ նաև գործուն մասնակցությամբ, քանի որ նրան հասանելի է այն, ինչն անհնար է դեռահասի համար (ամուսնություն, ծառայելը բանակում, ընտրելու իրավունք):
Պատանու անձնավորությանը բնորոշ յուրահատկություն է հանդիսանում ինքնագիտակցության զարգացումը: Այն որոշում է պատանու պահանջների մակարդակը ինչպես շրջապատող մարդկանց, այնպես էլ ինքն իր նկատմամբ: Պատանեկան տարիքում ինքնագիտակցությունը բարդ համակարգ է, որի մեջ մտնում են՝
ա. Սեփական անձի նույնականության գիտակցումը.
բ. Իր սեփական <<ես>>-ի  որպես ակտիվ և գործուն ուժի գիտակցումը.
գ. Սեփական հոգեկան հատկանիշների և որակների գիտակցումը.
դ. Սոցիալ- բարոյական ինքնագնահատականի որոշակի համակարգ
Այս տարիքում պատանիները դառնում են ավելի քննադատող, մեծ պահանջներ են ներկայացնում մեծահասակի և հասակակիցների բարոյական կերպարին: Քանի որ ինքնագիտակցության համակարգի մեջ մտնող  բոլոր տարրերը փոխադարձաբար կապված են , ապա դրանցից մեկի հարստացումը ձևափոխում է ողջ համակարգը: Պատանին նոր ձևով է ընկալում իր ֆիզիկական տեսքը և մարմինը: Նրանցից շատերը տհաճ ապրումներ են ունենում իրենց արտաքին տեսքից և ցանկություն են հայտնում փոխել այն (կարճ հասակ, գիրություն):
Անձի բացառիկ գծերից է ինքնահարգանքը: Հարգանքը սեփական անձի նկատմամբ  չի նշանակում իրեն ուրիշներից բարձր կամ ցածր դասել և իր նկատմամբ ունի դրական վերաբերմունք:
Պատանու ինքնագիտակցության բարձր մակարդակն իր հերթին հանգեցնում է ինքնադաստիարակությանը: Ինքնադաստիարակմամբ  պատանիները օգնում են մեծերին ձևավորելու իրենց անհրաժեշտ հատկությունները: Հետևաբար ինքնադաստիարակումը նպաստում է դաստիարակչական ներգործությունների ավելի լավ յուրացմանը, դրանց ամրապնդմանն ու զարգացմանը:

 Եզրակացություն
Պատանեկությունը մարդու կյանքում  շատ նշանակալի շրջան է: Դեռահասությունից պատանեկություն անցնելով՝ մարդը ինքն է  որոշում իր ճակատագիրը: Նա ծրագրավորում է իր տեղը, գործունեությունը, կենսաձևը մարդկանց շարքերում: Պատանեկության տարիքում  է տեղի ունենում մարդու ձևավորումը որպես անձ, այսինքն երիտասարդը որոշում է կյանքում իր համար գլխավոր նպատակները, արժեքները, ձևավորում է իր շփման շրջանները:Հենց այս տարիքում է մարդը իր համար ընտրում կողակից, որը հնարավոր է և դառնա ամբողջ կյանքի համար: Ընկերները դառնում են անձի սոցալիզացիայի, հասարակության ճանաչման , մարդկանց փոխհարաբերությունների անհրաժեշտ մասնիկ: Այսպիսով պատանեկության տարիքի հիմնական նորագոյացություններն են աշխարհայացքի, ինքնուրույն դատողությունների ձևավորումըբարձրացված պահանջները մարդու բարոյական կերպարի նկատմամբադեկվատ ինքնագնահատականի ձևավորումը, ինքնադաստիարակության ձգտումըԱնհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել պատանու հուզազգացմունքային ոլորտին, հասկանալ նրա ապրումները, պարուրել նրան սիրով ու ջերմությամբ: Վերջիններիս պակասը կարող է հանգեցնել այն բանին, որ պատանին հոգեպես օտարանա միջավայրից, իրեն զգա միայնակ ու անօգնական, մտածի, որ ոչ ոք պատրաստ չէ լսելու և հասկանալու իրեն: Պատանուն ոչ մի դեպքում չի կարելի մենակ թողնել, քանի որ մեկուսացվածությունը շրջապատող միջավայրից կարող է սուիցիդալ մտքերի առաջացման հիմք հանդիսանալ: Ինչպես մենք նկատեցինք, ընդհանուր էմոցիոնալ ուղղվածության բոլոր տիպերի համար կարևոր է բուռն զգացմունքային կյանքով ապրելու ձգտումը, տարբեր են միայն այդ զգացմունքային կյանքի դրսևորումները:  Շատ կարևոր է, որպեսզի այս շրջանում չշեղվի անձը և չբռնի թմրամոլության, ալկոհոլիզմի, մարմնավաճառության և մյուս կործանիչ ճանապարհները: Ուստի անհրաժեշտ է ապահովել զգացմունքային կապը հասակակիցների, մտերիմների և հարազատների հետ: Հենց այս կապերի կորուստն է հանգեցնում ամենատարբեր հոգեբանական խնդիրերի, որոնք լուծելու միջոցներից մեկն էլ  պատանիների համար հանդիսանում է ինքնասպանությունը


Գրականության ցանկ

Ա.Գ. Կովալյով       <<Հոգեբանություն>>
                                      Երևան, 1970թ.

Ա.Գ. Կովալյով       <<Ընտանեկան դաստիարակության հոգեբանություն>>
                                      Երևան, 1988թ.

Ս. Խուդոյան           <<Անձի զարգացման ճգնաժամային տարիքը>>
                                      Երևան,  2004թ.

Ա. Վ. Պետրովսկի   <<Տարիքային և մանկավարժական հոգեբանություն>>
                                       Երևան, 1977թ.

Ա. Նալչաջյան             << Հոգեբանության հիմունքներ>>
                                        Երևան, 1997թ.

В.  А.  Мухина            << Возрастная психология>>
                                          Москва,  2000г.

В. С.  Обухова               <<Детская психология>>
                                           Москва, 1996г.    

И.  С.  Кон                        <<Психология старшеклассника>>
                                            Москва,  1980г.   



No comments:

Post a Comment

Total Pageviews