Saturday, June 8, 2013

Ալբերտ Քամյու

Ալբեր Քամյու  <<Օտարը>>: Վերլուծություն:

Ալբեր Քամյուն 20-րդ դարի մեծագույն դեմքերից է, որոնց մասին դժվար է նոր բառեր գտնել, պարզապես պետք է ընթերցել և փորձել ըմբռնել նուրբ, բայց միևնույն ժամանակ ճշգրիտ փիլիսոփայի, վիպասանի խոսքը: Նրա ստեղծագործություններից քչերին եմ դեռ ծանոթ, սակայն, կարդալով <<Օտարը>> վեպը, վստահաբար կարող եմ ասել, որ չեմ սահմանափակվի դրանով:
Քամյուն ալժիրաֆրանսիացի գրող և փիլիսոփա է: Ծնվել է 1913թ.-ի նոյեբերի 7-ին, մահացել 1960թ.-ի հունվարի 4-ին: Եղել է 1957թ.-ին գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր:
Մակերեսային ընթերցման դեպքում վեպի սյուժեն հնարավոր է մեզ թվա աբսուրդային և տխուր, իսկ երբ ավելի խորը և ուշադիր ես կարդում, ապա այս դեպքում այն կարելի է դասել եվրոպական գրականության գանձերի շարքում: Երբ կարդում էի վեպի առաջին էջերը, մի տեսակ տարօրինակ զգացում կար ինձ մոտ: Շատ անտարբեր և սառը հերոսի կերպարը ինձ մոտ զզվանք և արհամարհանք էր առաջացնում, միևնույն ժամանակ ինձ ստիպում ընթերցել վեպը ավելի ուշադիր և կլանված, քանի որ զգում էի՝ ինչ-որ բացահայտում ընթացքում կլինի ինձ համար: Քամյուի համար երջանկության բանաձևը տարբերվում է մյուսներից, որն էլ ստիպում է մեզ յուրաքանչյուր տողի վերջում գտնել թաքնված մտքերը, փորձել վերլուծել դրանք: Ես չգիտեմ, թե որքանով եմ կարողացել հասկանալ վեպը, սակայն այն ինձ շատ բան տվեց մտորելու համար:
Կամյուն կարծում էր, որ մարդը կարող էր երջանիկ լինել նաև մահվան շնորհիվ, որը մի քիչ աբսուրդի է հասնում ինձ մոտ: Ճիշտ է գլխավոր հերոսը մենակ է ապրում ու իմ կարծիքով մի քիչ էլ աննպատակ, սակայն նրա գաղափարները, նրա խոհերը կարելի է իրական կյանքում ևս կիրառել, իհարկե՝ ոչ բոլորը:
Մոր մահը նույնիսկ նա կարողացավ հեշտորեն տանել, քանի որ կյանքի իմաստի ըմբռնումը նրա մոտ այլ էր: Հերոսը դիտելով մոր թաղման արարողությունը՝ ամեն ինչի շատ սառնասրտորեն է մոտենում՝ համարելով իրեն ինչ-որ բեմադրված թատրոնի անիմաստ հանդիսատես: Մոր թաղման արարողության մանրակրկիտ նկարագրությունը արված է շատ դիպուկ: Ընթացքում Քամյուն չի մոռանում նաև բնության մասին: Տվյալ թաղման թափորի հետ քայլող մարդկանց և հավասար բզզացող միջատներին և խոտերի խշրտյունին: Շրջապատող աշխարհի գեղեցկությունը նրան թակարդ էր թվում, որն էլ մարդկանց ստիպում է ապրել:
Մյորսոն թաղումից հետո վերադառնում է իր առօրյա կյանքին: Նույնիսկ գնում ծովափ, հանդիպում նախկին գործընկերուհուն և ժամանակ անցկանցնում: Նրա սերը կնոջ նկատմամբ ուղղակի ձանձրույթից դուրս գալու միջոց է:
Դրանից կարելի է ենթադրել, որ Քամյուի մտքերի հիմքում ընկած է երջանկությունը, սերը, այսինքն պետք չէ անընդհատ դժբախտ երևաս, պետք է ապրել ներկա պահով, չէ որ դրանում մեղսավոր ոչինչ չկա:
Մյորսոն օգնում և աջակցում էր հարևաններին քանի որ դրա մեջ << առանձնապես մեծ բան չկար>>: Սակայն համագործակցությունը պահեստապետ Սինտեզի հետ, կարելի է ասել, ճակատագրական եղավ նրա համար: Օգնելով վրեժ լուծել իր նախկին արաբ սիրուհուց՝ նրա հետագա կյանքը միանգամից փոխվում է: Ծովափին տեղի է ունենում այն, ինչ շատ հանկարծակի էր: Մյորսոն կրակում է Սինտեզի արաբ սիրուհու եղբոր վրա: Անիմաստ սպանության արդյունքում  մոր հողարկավորության ժամանակ սառնասիրտ վերաբերմունքը դատարանը դիտում է որպես մի ապացույց ևս, որ հերոսը կոպտության, ծայրահեղ ցինիզմի և փչացածության գագաթում է: Սակայն իրականում նա այդպիսին չէ, պարզապես այս աշխարհում չեղավ ոչինչ և ոչ ոք, ով կարթնացներ նրա իրական ու անկեղծ  <<ես>>ը: Քամյուն շատ մանրակրկիտ է ներկայացնում իր հերոսին, նրա ներքին աշխարհը՝ գտնելով, որ հերոսը առանձին դեպք է, որը շեղվել է ընդհանուր օրինաչափ աշխարհից, համընդհանուր մարդկային նորմերից:
Դատարանը նրա մահվան է դատապարտում. թեկուզ քննիչներին հերոսը շատ խելացի և հավասարակշռված էր թվում և նրանք չէին հասկանում հանցագործության մոտիվը:
11 ամիս մնալով բանտախցում՝ Մյորսոն հասկանում է ազատության, կյանքի գինը, սակայն նա ներում չի հայցում: Ինչո՞ւ, որովեհտև  վաղուց էր մահացել: Երբ ապրում էր մենակ և յուրաքանչյուր օր չէր տարբերվում նախորդից: Նա կարծում է, որ կարելի է ազատության մեջ ապրել մեկ օր և դա բավական կլինի խցում մնալ թեկուզ 100 տարի: Այնքան հիշողություններ էին արթնանում նրա մտքում. իրեն պատկերացնում է ազատության մեջ, լողափին, Մարիի հետ հանդիպելիս: Սակայն ժամանակը աստիճանաբար կանգ է առնում:
Դատավարության ժամանակ նրան մի պահ թվում էր, թե այդ ժխորի մեջ ինքը ավելորդ է, անկոչ հյուր:
Վեպի վերջին էջերը ընթերցելիս մի տեսակ դող, վախ էի ապրում, փորձում հերոսի հանգիստ հոգեվիճակի բացատրությունը գտնել, սակայն ինչքան մոտենում էի ավարտին, այնքան հասկանում էի, որ յուրաքանչյուր վայրկյանը մահից առաջ շատ թանկ էր ու կարևոր Մյորսոյի համար: Նա ասում է. <<Ես իրավացի եմ եղել, դեռևս իրավացի եմ և միշտ իրավացի: Ես այսպես եմ ապրել, բայց կարող էի այլ կերպ ապրել >>:
Ու այդպես կարող եմ տող առ տող վերհիշել վեպի վերջին էջը, քանի որ յուրաքանչյուր տողատակում կա մտածելու, հասկանալու և վերլուծելու շատ բան:
Վեպի ամբողջ ընթացքում նրան շանս է տրվում փոխվելու, սակայն նա չէր հավատում Աստծուն, չէր հավատում մարդկանց, չէր հավատում նրանց դատաստանին: Մինչև վերջ նա հավատում էր կյանքին ու չէր հավատում ոչ ոքի: Երբ Մարին առաջարկում է ամուսնանալ, նա լուրջ չընդունեց դա և չհավատաց սիրուն, մնաց անտարբեր ամեն ինչի և ամեն մեկի հանդեպ: Այսինքն՝  բոլորի համար դարձավ օտար:
Մյորսոն դրան հասավ իր անտարբերության, անընդունակության շնորհիվ: Լուրջ դատողություններն ու կյանքի մասին իր սխալ պատկերացումները նրան մարդասպան դարձրեցին:
 Այսօր Ալբեր Կամյուի <<Օտարը>> վեպը ավելի քան արդիական է: Աշխարհում այսօր տիրում է չարությունը, անարդարությունը, անտարբերությունը միմյանց հանդեպ… Յուրաքանչյուրս պետք է զգոնություն, կամքի ուժ ունենանք, որպեսզի դիմակայենք դրանց: Պետք է միշտ բարի լինել, միայն բարի գործեր անել: Եվ այդ դեպքում միայն մեզանից ոչ ոք մի օր չի դառնա <<Օտար>> մեր՝ առանց այն էլ դժվար փոփոխվող աշխարհում: 

No comments:

Post a Comment

Total Pageviews